вторник, 3 апреля 2018 г.

Բաց Նամակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին


Հարգարժա՛ն պրն. նախարար, նախ, մինչև նկատելի խնդիրներին անրադառնալը, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ՊՆ նախարարությունում գտնվող բոլոր անձնվեր սպաներին, ենթասպաներին և զինվորներին: Երկու տարի առաջ, այս օրերին, նրանք պահեցին բանակի և ողջ ազգի պատիվը: Իսկ մենք պահու՞մ ենք իրենցը:
Ստորև կներկայացնեմ մի քանի նկատելի ու շատ կարևոր խնդիրներ, որոնց լուծման դեպքում բանակում նկատելի փոփոխություններ կլինեն: Իսկ դրանց լուծման համար առանձնապես միայն ցանկություն և կամք է անհրաժեշտ:





1. Զինվորի սնունդը:
Այս նկարում, զինվորի սնունդի ցուցակն է 4 տարի առաջ, ինչ-որ բաներ փոխված կլինեն գուցե, բայց չեմ կարծում, որ տարբերությունը մեծ կլինի: Ուստի տեղադրում եմ այս նկարը և հայտնում, որ անգամ այստեղ տեղ գտած խղճուկ ցուցակը չէր պահպանվում ճշգրիտ և որակով:


Ամեն անգամ այս հարցին անրադառնալիս՝ գալիս ենք նրան, որ բանակի սնունդը համապատասխանում է բանակի բյուջեին, և, իրավ, այդպես է: Բայց բոլորս էլ ապրում կամ ապրել ենք այդ իրականության մեջ և բոլորս էլ կարող ենք փաստել, որ զորամասերի ճաշարանների ահռելի քանակությամբ մնացորդները բարձրաստիճան սպաները օգտագործում են զորամասերին կից ստեղծած իրենց փոքրիկ ֆերմաներում՝ որպես անասնակեր: Եվ ակամա հարց է ծագում, ինչո՞ւ զորամասերը իրենց կից չեն ստեղծում փոքրիկ ֆերմաներ, որտեղ կարտադրվի թարմ սննդամթերք, և զինվորը չի մնա շտաբից եկող սառեցրած և պահածոյացված մի բուռ մթերքի հույսին: Եթե անկեղծ լինենք, այդ ֆերմայում կարող են ծառայել հաստիքով այն տղաները, որոնք պիտանի չեն շարային ծառայությանը և այդ ֆերմայի գոյությունը գրեթե անվճար կլինի և անգամ բանակի բյուջեն կհամալրվի այն գումարներով, որով հիմա ենք կերակրում զինվորին: Զինվորը անգամ բանջարեղենին ու մրգին, որը հողը ուղղակի նվիրում է խնամքի դեպքում, կարոտ է մնում:
Առողջ սնունդը կարևոր նախապայման է առողջ զինվոր ունենալու համար:


2. «Պարապ զինվորը հանցագործ է»
Այս կարգախոսը գործում է բոլոր զորամասերում և ուղղակի զավեշտալի է: Գիտե՞ք՝ մեզ ծառայության ժամանակ շատ հաճախ ամռանը տանում էին բահով խոտ քերելու, և մենք շաբաթներով խոտ էինք քերում: Երբ մի անգամ համարձակվեցի հարցնել հրամանատարին, թե կարող ենք արդյոք քաղաքից դեղ խնդրել, որը կդադարեցնի խոտի աճը, նա ինձ պատասխանեց, թե այդ դեպքում մենք ինչո՞վ պիտի զբաղվենք: Ես հասկանալի պատճառներով չպատասխանեցի նրան, բայց հիմա պատասխանում եմ Ձեզ.
-ընթերցանությամբ և կրթվելով,
-ռազմական աշխարհը ուսումնասիրելով,
-տակտիկա ու ստրատեգիա սովորելով,
-ինչ-որ բաներ ստեղծելով ու արարելով,
-մի քիչ ավելի շատ հանգստանալով ու հոգնած տեսք չունենալով,
-ճիշտ սպորտային կեցվածք ձեռք բերելով:

Բայց ոչ խոտ կամ ձյուն քերելով, պարո՛ն Նախարար, իրոք զավեշտալի է: Ընկերներիցս մեկը պատմում է,որ իրենց զորամասում, աշնանը կանգնեցնում էին ծառերի տակ և հրամայում թույլ չտալ թափվող տերևներին գետին հասնել, հրապարակը պիտի մաքուր մնա: Այսպե՞ս ենք հարգում մեր պաշտպանին:


3. Լեզվա-հոգեբանական խնդիրներ
26 տարիների ընթացքում այս ոլորտը քիչ է ուսումնասիրվել և աննկատ է մնացել: Ցավոք՝ մեր բանակում շատ տերմիններ մինչ օրս սովետական՝ ռուսական բանակի թարգմանություններն են, ինչը սխալ է: Բերեմ ընդամենը մեկ օրինակ, բայց դրանք բազմաթիվ են:
Մեզ մոտ պատերազմը ազդարարում են «Տագնապ» բառով, որը թարգմանություն է ռուսերեն «тревога» բառից:«Տագնապ» բառին հոմանիշ են «իրարանցում»,«խուճապ» բառերը: Մի՞թե պատերազմ սկսելու դեպքում մենք պիտի խուճապի մատնվենք, շատ տարբերակներ կան, որոնք և՛ հայերեն են, և՛ ավելի համապատասխան, օրինակ. «Ի՛ մարտ», «Մարտակոչ» և այլն: Ի դեպ՝ այսօր բանակում, տագնապ ազդարարելիս, հենց տագնապ էլ սկսվում է:
Նույն ազդանշանը տրվում է «Արենա»-ով, կրկին ռուսերենից և կրկին խուճապի մատնող, մինչդեռ ռազմիկին պատերազմի տանող ավելի հնչեղ ու վեհ ազդանշաններ կարող են լինել, օրինակ՝ թմբուկի բամբ ձայները , կամ որևէ ռազմապարի համահունչ մեղեդի, որը կարթնացնի զինվորի մեջ ո՛չ թե խուճապ, այլ ոգեղենություն, հասկանու՞մ եք՝ հայկական ոգի: Ինչո՞ւ չվերագտնենք մեզ, չէ՞ որ այդպես ավելի մարտունակ կլինենք:


4. Զինվորի հագուստը և կացարանը:
Զինվորի հագուստն իր արտաքին տեսքն է, որով նա ներկայանում է իր զինակիցներին և հետևաբար նրա տգեղ կամ ոչ կոկիկ լինելը, զինվորին թերարժեքության զգացում է հաղորդում: Եթե մենք ցանկանում ենք, որ մեր զինվորը լինի վեհ ու հպարտ, ապա պիտի նրան ապահովենք հարմարավետ և գեղեցիկ հագուստով:
Ինչ վերաբերում է կացարանին, վերջինս նույնպես անմիջական առնչություն ունի զինվորի լիարժեքության զգացումի հետ և կապ չունի, թե ով ինչ տնից է գալիս, զինվորի տունը երկու տարի պետք է լինի զինվորին վայել:


5. Աշխատա՞նք, թե՞ կյանք
Այս վերջին հարցը, որին ուզում եմ անրադառնալ, շատ հաճախ է շոշափվում և շատ տարբեր մտավորականների կողմից: Դա մեր սպաների և սպայական դպրոցների մասին է:
Սա այն դարբնոցն է, որտեղ ճիշտ աշխատանք տանելու դեպքում, դուք աննկարագրելի տարբերություն կտեսնեք: Կուրսանտը, բացի ֆիզիկական տվյալներից և միջավայրին հարմարվելուց, այդ չորս տարիների ընթացքում պիտի դառնա ավելի գրագետ, քան ցանկացած բուհում են դառնում: Քանի որ ուրիշ բուհերում ավարտած մարդիկ դառնում են մասնագետներ, որոնք աշխատում են իրենց մասնագիտությամբ, իսկ սպան չի գնում աշխատանքի, նա ապրում է այդ կյանքով և ապրեցնում ուրիշներին: Այդ չորս տարվա ընթացքում, նա պետք է դառնա հրամանատար, որը պետք է զինվորներից մասնագետներ կերտի: Այո՛, այդ երկու տարիների ընթացքում զինվորը պետք է ամբողջությամբ մասնագիտանա, ո՛չ թե նեղ, այլ ամենալայն իմաստով: Ես այսպես եմ հասկանում Ձեր կողմից հաճախ օգտագործվող «Ազգ-Բանակ» արտահայտությունը:


Հարգանքներով, Գեղամ Օհանյան:


Հետգրություն

Պարո՛ն Նախարար, ես այս ամենը գրում եմ Ձեզ, ո՛չ թե հեգնանքով, այլ մեծ ցավով: Ինքս ծառայությունը ավարտել եմ 4 տարի առաջ և անտրտունջ տարել եմ բանակի բոլոր թերությունները՝ հավատացած լինելով, որ այն մեր խաղաղության միակ հովանավորն է և դեռ նոր է վերածնվել: Որպես ապացույց՝ նշեմ, որ Ձեզ գրում էր հրետանային գնդի նախկին սերժանտ, «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանի և բազում պատվոգրերի արժանացած մի շարքային քաղաքացի:
Նշված խնդիրները պիտի լուծվեն հնարավորինս շուտ, մտահոգ հասարակությունը սպասում է Ձեր քայլերին և արձագանքին, այլապես ինքը կսկսի հարց բարձրացնել ու պահանջել: Ի դեպ, նշեմ, որ այս հարցերի լուծումը շատ այլ խնդիրներ էլ կլուծի, որոնք հիմա փորձում եք այլ կերպ լուծել: Սկսած բանակում միջադեպերը պակասեցնելուց, մինչև մարտունակության կտրուկ բարձրացում:



Комментариев нет:

Отправить комментарий