пятница, 1 сентября 2017 г.

Միշտ նայիր դեպի վեր


Փոքրի՛կ, այսօր դու առաջին անգամ ոտք դրեցիր դպրոց, այնտեղ, ուր քեզ պիտի գիտելիք տան, օրինակ ծառայեն, դարձնեն կիրթ: Դու վառվող ու լուսե աչքեր ունես, քո մեջ մարդկություն կա, գիտե՞ս, աշխարհի ամենահզոր գիտելիքը այդ մարդկությունն է, կուզեի, որ այդ մարդկությունը ուղեկցեր քեզ ողջ կյանքում: Դու շատ դժվարությունների կհանդիպես, բայց պետք է կարողանաս պատվով հաղթահարել դրանք: Կհանդիպես նաև շատ անարդարությունների և տգիտության, որոնց համար մեղավոր եմ նաև ես: Հուսով եմ, քո մեջ կգտնես ուժ, ներելու համար, նաև չարությանը բարությամբ պատասխանելու: Դու դեռ փոքր ես, ու շատ բան չես գիտակցում: Դու լցված ես սիրով ու բարությամբ, լավատեսությամբ, ամեն դեպքում չկորցնես այդ լավատեսությունը, դա միակ երաշխիքն է քո հաղթանակի: Աշխարհը, ցավոք ուզում է, որ դու ավելի անկիրթ լինես, քան գրագետ, անկիրթների ամբոխին հեշտ է կառավարելը: Բայց իմ սերունդը ամեն ինչ կանի, որ դու կրթվես, կրթվես ճիշտ ու դառնաս պիտանի մարդ հայրենիքիդ և աշխարհի համար: Միայն խնդրում եմ քեզ, որ չտրվես անպտուղ հաճույքներին և սպառես քեզ: Ուժ գտնես քո մեջ, բարին ու չարը տարբերելու, կառուցումը ու համախմբումը կեղեքումից ու մասնատումից զանազանելու, խոհեմ լինելու, անվերջ զարգանալու ու վեր բարձրանալու, ասպետ լինելու: Մենք քեզ շատ ենք սպասել, այնքա՜ն երակար..., մեր Փոքրիկ Մհեր:

Комментариев нет:

Отправить комментарий