четверг, 17 августа 2017 г.

Հայի տականքը անմրցելի է


Օրեր առաջ ընկերոջս՝ Արշակի հետ ուղևորվել էինք Սյունիք՝ հաղթահարելու երկար սպասված Խուստուփ լեռը (3201 մ) : Այս լեռը շատերի մոտ երկու խորհուրդ ունի՝ որպես լեռ՝ բարձունք և որպես Նժդեհյան ուխտատեղի: Գագաթից մոտ 150 մետր ներքև մի փոքրիկ քարայր կա, որտեղ, ըստ պատմածների, Նժդեհը օրեր շարունակ ճգնել է Զանգեզուրի մարտերից առաջ: Գագաթի մոտ է գտնվում նաև Նժդեհի կիսանդրին, որտեղից բացվում է տեսարան դեպի Սյունյաց լեռնաշխարհը: Եվ ահա, երկօրյա ուխտագնացությունը մեզ հասցրեց գագաթի շեմին՝ կիսանդրու մոտ, և այն սպասումը, որ մեզ ուղեկցել էր դեռ Երևանից դուրս գալիս, վերացավ. Նժդեհի կիսանդրու վրա մարտական փամփուշտի անցքեր էին բացված:

Վլադիմիր Բադալյանը, որ իր ընկերոջ՝ Համլետի հետ գագաթին էր, պատմեց, որ սա արդեն չորրորդ անգամն է կրկնվում: Առաջինը եղել է 2002 թվականին, երկրորդը՝ 2004 թվականին, երրորդը՝ 2009 թվականին և արդեն ութ տարի է նման դեպք չէր գրանցվել, և,ահա՛, այս անգամ արդեն մարտական փամփուշտներով: Վլադը գրեթե ամեն տարի շինանյութով գնում է այնտեղ և կարգի է բերում Սպարապետի կիսանդրին և շուրջը: Պիտի անպայման նշեմ, որ հիմնականում սեփական միջոցներով: Հիմա ուզում եմ անրադառնալ հուշարձանի վրա կրակ բաց անողներին: Այս օրերի մտատանջումները մի քանի վարկածի են բերել: - Դա կարող էր անել որսորդների մի խումբ, գինովցած, առանց հասկանալու հուշարձանի կարևորությունը, անծանոթ լինելով Նժդեհի կյանքին ու գործին՝ անկիրթ ու բարոյազուրկ կյանք վարող մարդիկ: - Կարող էին անել տեղացի կամ ոչ տեղացի հականժդեհականներ, որոնք իրենց համոզմունքներում հստակ նշում են, որ Նժդեհը դավաճան էր: Այդպիսիք, հավատացե՛ք, պատահում են, ինձ էլ են պատահել: Կա՛մ հավատավոր կոմունիստներ են լինում, կա՛մ նրանց ժառանգները, ում Նժդեհը զոռով հանել էր ինքնապաշտպանության: - Երրորդ տարբերակը քիչ հավանական է, բայց ոչ բացառելի: Գուցե ինչ-որ թշնամական երկրից պատվերի արդյունք է, որը մեծ հաճույքով իրականացնում են նրանք, ովքեր պատրաստ են վաճառել անգամ սեփական մորը: Օտարերկրացիների դեպքը բացառում եմ, քանի որ ոչ մի այլազգի չէր կարողանա զենքով հայտնվել Սյունիքի սրտում՝ սահմանից շատ հեռու և առանց տեղացի ուղեկցորդի: Ամեն դեպքում, եթե իրականացնողի ձեռքը ընկնի այս հոդվածը, թող տեղեկանա, որ շուտով դիմացի ժայռին, այնպիսի տեղ, որ իր ավտոմեքենան հաստատ չի հասնի, արևային մարտկոցով տեսախցիկ է տեղադրվելու: Էլ չենք պատրաստվում սպասել Օպերային թատրոնում շոգեբաղնիք կառուցող մշակույթի նախարարներին կամ Հանրապետական կուսակցությանը, որն իբր նժդեհյան գաղափարների վրա է կառուցել իր գաղափարախոսությունը, բայց վարվում է ճիշտ հակառակ: Մեկ էլ տեղեկացնեմ, որ ամեն տեղեկացող ջերմորեն բարևում էր ձեր ծնողներին և ձեզ, սրբապի՛ղծ տականքներ: Նժդեհը կասեր. -Հայի տականքը անմրցելի է...

5 комментариев:

  1. Իսկ դիվերսանտների կողմից դա անելը ?

    ОтветитьУдалить
  2. Նժդեհը ո՞րտեղ ա նման բան ասել՝ «հայի տականքն անմրցելի է»։

    ОтветитьУдалить
    Ответы
    1. ճիշտ է, չկան անտականք ազգեր, բայց հայ տականքը կը մնայ
      անմրցելի: Նժդեհ
      / Հատընտիր Երեւան, 2006թ. , 194 էջ, երրորդ տող: /

      Удалить
  3. Ամեն տեղ էքստրիմիզմ փնտրող հասարակություն, մի բացառի, որ որսորդի հեռու ու պատահական կրակոց այլ ոչ դավադրություն կարող է լինել: Ու, կարծում եմ, ամենից տրամաբանական վարկածը հենց դա է:

    ОтветитьУдалить
    Ответы
    1. Որպես հավելում, ձեր ծայրահեղ լավատեսությունը բացառելու համար, պիտի նշեմ, որ փամփուշտի մնացորդները ընդամենը քսան-երեսուն մետրի վրա էին թափված, իսկ դա ապացույցն է մի պարզ բանի, կարգին զվարճացել են, հուշարձանը ընդունելով որպես նշանակետ: Եվ ահա ձեր տրամաբանական տարբերակը դարձավ անտրամաբանական:

      Удалить