среда, 31 мая 2017 г.

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՈՒԼՏՈՒՐԱԿԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՆԵՐԻ ԵՐԿԻՐ




Այսօր բոլորը խոսում են Հայաստանում տուրիզմի զարգացման մասին, որպես առանցքային միջոց, տնտեսական ճահճից դուրս գալու համար: Պետք է արձանագրենք, որ մեր հանրապետությունն ունի տուրիզմը զարգացնելու բոլոր նախադրյալները՝ սկսած պատմամշակութային համալիրներից,  մինչև բնական ռեսուրսներ: Չենք կարող չնկատել նաև այն փաստը, որ արևմտյան`հատկաապես եվրոպական թևը, առաջիկա տարիներին իրենց ճանապարհորդների համար Հայաստանը տեսնում են շատ հարմար թիրախ: Այդուհանդերձ, մենք չենք կարողանում ճիշտ օգտագործել մեր հնարավորությունները և տուրիզմի համար ստեղծված արդյունավետ ժամանակահատվածը: Պետք է նկատենք մեր պատմամշակութային կառույցների անմխիթար վիճակը, որոշ ընտրվածների ոչ ճիշտ մշակումը, գրեթե բոլոր վայրերում հիգիենայի կետերի բացակայությունը, ախտոտված շրջակայքը, կառույցների շրջակայքում անշուք կազմակերպված չարչիական առևտուրը և այլն: Սրանք ծեծված թեմաներ են, որոնց կարծես կամաց-կամաց փորձում ենք անրադառնալ: Բայց եկե՛ք խոսենք ավելի կաևոր բաների մասին: Ի՞նչ է տուրիզմը և ինչպե՞ս կարելի է այն օգտագործել պետական խնդիրներ լուծելու համար: Տուրիզմ ասելիս, մենք առաջինը մտաբերում ենք հանգիստ, ճանապարհորդություն, շրջագայություն, պատմամշակութային կոթողներ, բնություն և այլն:
Ընդհանրապես տուրիզմի ոլորտները բազմաթիվ են, բայց ընդհանուր առմամբ ճանապարհորդներին կարելի է բաժանել երկու մասի. նրանք, ովքեր ընտրում են հաճույքներով լի, ժամանակակից աշխարհին բնորոշ գծերով վայրեր,  օր.՝ լողափնյա՝ Դուբայ,  Հունաստան, Իսպանիա և այլն, կամ ավելի քաղաքային՝ Լաս-Վեգաս, Դիսնեյլենդ ու նման վայրեր: Շատ են նաև այս ոլորտում նրանք, ովքեր սիրում են լինել առաջադեմ երկրների մայրաքաղաքներում և մեգապոլիսներում:
Ճանապարհորդների երկրորդ տեսակը ավելի արկածային է, նրանք սիրում են լինել անցյալում, ուսումնասիրել տվյալ տեղանքի էթնիկ երևույթները՝ ճարտարապետություն, ապրելակերպ, ավանդույթներ, բնության առանձնահատկություններ, խոհանոց ու նման բաներ: Այս տիպին են պատկանում նաև լեռնագնացները, վրանային ու քայլարշավային տուրեր նախընտրողները: Կարծում եմ՝ դժվար չէ ենթադրել, որ Հայաստանը իր հնարավորություններով տիպիկ է երկրորդ տեսակին: Նախ արձանագրենք, որ եթե անգամ շատ ցանկանանք, միևնույն է առաջին տիպի շրջագայողներին գրավելու ոչինչ չունենք: Ո՛չ ծով, ո՛չ ժամանակակից զվարճանքների մեծ կենտրոններ, ոչ էլ, ցավոք, աչքի ենք ընկնում պատմական ճարտարապետություն ունեցող մեգապոլիսներով: Իսկ երկրորդ տիպի ճանապարհորդներին, մենք ավելի քան կարող ենք բավարարել: Բայց դա անելու համար, մեզ անհրաժեշտ է վերջնականապես գիտակցել, որ կարիք չկա լղոզելու այս երկու ճյուղերը. դա ի վնաս մեզ է: Պետք է ընդամենը աչքի լույսի պես պահենք մեր պատմամշակութային համալիրները, վայրի (բնական) ու մաքուր պահենք մեր բնությունը, հստակեցնենք մեր խոհանոցը ու մշակույթը: Եկե՛ք առանձին-առանձին անրադառնանք սրանց.
1. Պատմամշակութային համալիրները Հայաստանում անթիվ են: Բայց մենք ընտրել ենք սրանցից մի քանիսը, նրանց շուրջ կառուցել տվյալ կոթողից ավելի մեծ ու անճաշակ ռեստորաններ, հյուրանոցներ և այլն: էլ չեմ նշում որոշ հուշահամալիրների անգրագետ ու տգեղ վերականգնումը: Եվ մեր հյուրերին անպայման ուղեկցում ենք այդ նույն տասից-քսան հուշահամալիրներ: Իսկ մնացած վայրերը անտեսված ու լքված են: Վանքերի վրա ծառեր են աճում, շուրջը աղբանոց է ու չկան հիգիենայի կետեր: Նման մոտեցումը մեծ հարված է հասցնում մեր տուրիզմին: Մենք չենք կարողանում շեշտել այն, ինչը բերել է ճանապարհորդին մեր երկիր:
2. Ի հակադրություն մեր Հանրապետության փոքր տարածքի,  բնությունը անչափ բազմազան է ու գրավիչ: Այստեղ կրկին ունենք նույն խնդիրը: Բոլոր հետաքրքիր ու գեղեցիկ վայրերում փորձում են ինչ-որ հացատներ ու հյուրանոցներ կառուցել, մինչդեռ դրանով վանում ենք ճանապարհորդին: Նրանք համոզված պնդում են, որ չեն գալիս հացատուն տեսնելու, իրենց երկրներում դրանց ավելի լավ օրինակները կան, իրենք գալիս են վայելելու մեր յուրօրինակ բնությունը, ինչը մեզ մոտ ահավոր անխնամ վիճակում է: Բոլորս գիտենք, որ այս վերջին ամիսներին շրջանառվում է Գոշի լճի վարձակալությունը և շրջակայքը կառուցապատելու թեման: Սա ուղղակի բարբարոսություն է բնության նկատմամբ:




Էկոտուրիզմ ասվածը ամբողջ աշխարհում ընդունված է համարել վայրի բնության օժանդակում: Էկոտուրիզմով աչքի են ընկնում՝ Շվեցարիան, Նոր Զելանդիան, Նորվեգիան, Ճապոնիան և այլն: Մենք ունենք բոլոր նախադրյալները լինելու այս շարքում և ուղղակի անմտություն է փչացնել այն ամենը, ինչ ունենք:
 3. Ինչ վերաբերում է մշակույթին: Այս հարցը շատ խորքային է և ցավոտ: Ցանկացած երկրում հայտնվելիս մեզ հրամցնում են այդ երկրի բոլոր դրական որակները, մշակույթը, ամեն բան ամբողջության մեջ: Մեզ մոտ եկողները լսում ու տեսնում են ամեն ինչ, բացի մեր ազգայինից: Եվ նրանք այդպես էլ չեն տեղեկանում, որ մենք ունենք տիեզերական երաժշտություն, հզոր պարեր, գեղեցիկ ավանդույթներ, մեծ խոհանոց և այլն: Նրանք լսում են արաբաթուրքական ելևէջներով և հայերեն բառերով անորակ երաժշտություն, հյուրասիրվում են խորովածով, առավելագույնը՝ տոլմայով, լինում են պատմության թանգարանում, մատենադարանում և սահմանափակվում նման սխալ ու խղճուկ ինֆորմացիայով: Պետք է նկատենք ու հասկանանք, որ ճիշտ ու գրագետ կազմակերպված տուրիզմը նաև մարտավարական խնդիրներ է լուծում: Զարգացած տուրիզմ ունեցող երկրներին պատերազմը ավելի քիչ է սպառնում: Իհարկե չի կարելի անտեսել նաև տնտեսական թևը, միայն գրագետ կազմակերպված տուրիզմով կարելի է պետությունը պահել, բայց ցավոք, այսօր մենք չենք գիտակցում այս ամենը: Մենք շատ ժամանակ չունենք, եթե հապաղեցինք, ստիպված կլինենք ճանապարհորդ անվանել Իրանից եկած անկիրթ ու հաճույքներ փնտրող զանգվածին:


Комментариев нет:

Отправить комментарий