пятница, 12 мая 2017 г.

ԱՅՆՏԵՂ, ՈՒՐ ԲԱՐԻՆ Է


Ա
-Պապի′կ, ինձ շուտ ասա քո երկարակեցության գաղտնիքները: Ինչո՞ւ ես ժպտում: Ես ուղղակի զարմանում եմ, ո՞նց ես այդքան ձգել, ես դեռ երեսուն տարեկան եմ ,արդեն սկսել եմ դեղեր խմել,նյարդերս չեն հերիքում. մի կողմից դժվար ապրուստը, մի կողմից չարությամբ լցված մարդիկ, մյուս կողմից երկրի ողբալի վիճակը, անտանելի դժվար է, երևի մեկնեմ երկրից, ոտքի կանգնեմ ու վերադառնամ, որ կարողանամ ինչ որ բան անել: 
- Հայ′կ, գիտե՞ս քանիսին եմ տեսել,որ գնացել են այդ նպատակով: Նրանք գնում են հարստանալու, որովհետև տեսնում են, որ այստեղ փողն է իշխում, բայց երբ հարստանում են, տեսնում են,որ կրկին ոչինչ փոխել չեն կարող և չեն վերադառնում:
- Ես նրանց նման չեմ: Հիմա ի՞նչ, չես ասո՞ւմ երկարակեցությանդ գաղտնիքը, ծերու՛կ:
-Ես այն պատմել չեմ կարող, միայն կարող եմ ցույց տալ, բայց դժվար թե այդքան ժամանակ ու նյարդեր ունենաս, որպեսզի ցանկանաս գնալ և տեսնել:
- Էլի սկսեցի՞ր հանելուկներով խոսել, ասա՛,տեսնեմ` ի՞նչ կա մտքիդ: 
- Իմ երկարակեցության գաղտնիքը պահված է հեռու լեռներում, այնտեղ մի քարի վրա անհիշելի ժամանակներից գրված է, թե ինչպես երկար ապրել: 
- Ձեռք ես առնում հա՞, մեծ մարդ ես, ասա՛, ի՞նչ է գրված այդ քարին: 
- Ամենևի՛ն, եթե չես հավատում, խնդիր չէ, բնական է... Ես չեմ կարող ասել, դա խոսքով ասելու չէ,դա միայն կարելի է կարդալ...
- Ավտոմեքենայով հնարավո՞ր է հասնել այդ քարի մոտ: 
- Ո՛չ,ավտոմեքենան այնտեղ անելիք չունի:
- Ո՞նց հասնեմ ապա, ասա՛...
- Դա քեզնից չորս օր և երեք գիշեր կխլի, ճամփան երկար է ու վախենամ` ո՛չ ժամանակդ, ո՛չ ֆիզիկականդ չներեն այդ ուղևորության համար, բացի այդ փորձ էլ չունես:
- Որտե՞ղ է դա:
- Գեղամա լեռնաշղթայում է. պետք է բարձրանաս Գեղարդի կողմից, և քանի որ դժվար է ձորից բարձրանալը, այնտեղ մի քարանձավ կա՝ Չիթոյի տունը, առաջին գիշերդ կանցկացնես այնտեղ, երկրորդ օրը կքայլես Վիշապների լճի մոտ՝ դեպի հյուսիս, այնտեղ կհարցնես Սև սարի ճամփան: Երկրորդ օրը կգիշերես Սև սարի լանջին: Երրորդ օրը կբարձրանաս Սև սարը և հակառակ կողմից կարմիր ավազներով կիջնես լեռը ու կքայլես մինչև չքնաղ Ակնա լիճ, որտեղ էլ կգիշերես: Առավոտյան քեզ ցույց կտան, թե ինչպես իջնես Ծաղկաշեն,որտեղից արդեն հանգիստ կարող ես վերադառնալ տուն:
- Շատ գրավիչ անվանումներ են, հայրիկը պատմել է, որ արշավական ես եղել և օրերով անհետացել ես: Իսկ քարը որտե՞ղ է:
- Եթե դու գնաս քարին ընդառաջ, նա ինքը կգտնի քեզ... 
- Չէ՛, դու հաստատ ծաղրում ես ինձ: Ի դեպ, լավ էլ ստացվում է,ասեմ` իմանաս:
- Մարդիկ տեսնում են այն,ինչին հավատում են և ոչ հակառակը: Տիեզերքը շատ է մեծ և շատ բան ունի, միայն թե յուրաքանչյուրը տերն է նրան, ինչին հավատում է, մեկը՝ փողի,մեկը՝ հեղինակության,մյուսն էլ՝ երազների: Այնպես որ, հավատալու կամքը քոնն է,ես ընդամենը պատասխանեցի քո հարցերին...
Բ
Պապիկի հետ զրույցը մի քանի շաբաթ մտքիցս դուրս չէր գալիս,Նրա ասածը կարծես հեքիաթ էր՝ վերցրած ինչ-որ արկածային գրքից: Ամաչում էի պատմել որևէ մեկին, որ չմտածեին թե խելագարվել եմ, բայց մտքիցս էլ դուրս չէր գալիս: Առավոտյան զանգեցին, ասացին որ պապիկը մահացել է… Ահավոր պակասեցի ինքս ինձանից: Ճիշտն ասած այդքան էլ հաճախ չէի հանդիպում նրան, բայց մեծ հաճույք էր նրա հետ մտքեր փոխանակելը, մեծ էր նա... Մի տեսակ հոգևոր կապ կար նրա հետ, ես նրա միակ թոռնիկն էի,որ ապրում էի այստեղ՝ հայրենիքում, մյուսները ընտանիքներով դրսում էին: Շատ էր սիրում ինձ, չնայած առանձնապես չէի տարբերվում մնացածից: Բայց ես նրան սիրելու լիքը պատճառներ ունեի, և չնայած իննսունին էր մոտենում, բայց նրա կորուստը անսպասելի էր ու շատ ցավալի: Հուղարկավորության արարողությունից մի քանի օր անց տատիկս ինձ ասաց, որ պապիկը նամակ է թողել ինձ և խնդրել որ այն բացեմ միայն քարի մոտ: Տատիկս փոխանցեց ծրարը և հարցրեց, թե ինչ քարի մասին է խոսքը, ես լռեցի և դուրս եկա… Ծրարը չբացեցի, ու ինքս ինձ արդեն խոստացել էի, որ պիտի գնամ ու գտնեմ քարը, բայց ինձ արդեն ավելի շատ պապիկիս նամակն էր հետաքրքրում, քան՝ քարը: Սպասեցի տաքերը ընկնեն, որ դուրս գամ այդ հեքիաթային ճանապարհորդությանը: Արշավական ընկերներիս խորհրդով ինձ ուսապարկ, վրան, քնապարկ և մանր-մունր մի քանի բան գնեցի, որ այնտեղ պիտի պետք գար: Քարտեզով ուսումնասիրում էի այն երթուղին, որը նա գծել էր իմ մտքում: Հուլիսի վերջերն էր, երբ արձակուրդ վերցրի աշխատանքի վայրից ու ընկա ճամփա:
Գ
Գնացի Գեղարդ: Վանքը արտասահմանցիներով էր լցված, բոլորը պատերն էին շոշափում՝ քանդակները, բուժիչ ջրի մոտ անեզր հերթ էր գոյացած, իսկ բակում անարդար վեճ էր ընթանում, կարծես,քահանան բարկանում էր ինչ-որ երեխաների վրա, ովքեր ազգային երգ ու պարով էին լցրել տարածքը: Իսկ ես կանգնած քիչ հեռվում սառած հայացքս ուղղել էի վանքին, չէի կարողանում պատկերացնել` ո՞նց են ժայռից ստացել այս հրաշքը: Մի ծերունի էր անցնում, իմացա որ տեղացի է, անմիջապես հարցրեցի` արդյո՞ք գիտի` ինչպես հասնեմ Չիթոյի տներ կոչվող քարանձավը: Նա լայն ժպտաց և մատը տնկեց դիմացի անտառոտ ժայռերը: Երբ հարցրի ծիծաղի պատճառը, ասաց, որ վաղուց է` արդեն իրեն չէին հարցրել այդ քարանձավի տեղը, և կարծում էր, որ էլ այնտեղ գնացող չի լինի:
Անցա Ազատ գետի վրայով և սկսեցի չափչփել դեպի քարանձավը: Անտառը շատ ցածր էր և փշոտ, ծառերից թելերով ինչ-որ շերամանման միջատներ էին կախված, այնքան շատ էին. կարծես վարագույր լիներ: Ինչպես պապիկն էր ասել, իրոք շատ դժվար էր, մանավանդ ինձ համար, երբ փորձ չունեի տասնութ կիլոգրամն ուսերիս այդքան քայլելու: Դժվարությամբ գտա քարանձավը. ժայռի վրա փորած երկհարկանի հրաշք էր՝ թաքուն պախկված բոլոր կողմերից: Երբ հասա, դեռ մեկ ժամ կար մթնելուն: Գնացի` փայտ հավաքելու, երեկոյան վառեցի խարույկը, հաց կերա, մի քիչ նստեցի, հետո աչքս կպել էր հոգնածությունից: Երբ արթնացա, շատ ցուրտ էր, խարույկը մարել էր և ծխում էր կամաց, աչքս ընկավ աստղերին, կանգնեց ակնթարթը, հրաշք էր երևի, այդ պատկերը լրացնում էր ջրի ձայնը, որ ներդաշնակ ու անընդհատ համբուրում էր քարերին: Քարերի՜ն, քարերի՜ն, միանգամից հիշեցի պապիկի քարը,այն քարը, որը պետք է գտնեի...
Ցուրտ էր, կրկին վառեցի խարույկը, բացեցի քնապարկը ու շուտ մտա մեջը, քարանձավում հարկ չկար վրանը բացազատելու: Հրաշք էր քարանձավում անցկացրած գիշերը: Առավոտյան ինձ արթնացրին փոքրիկ թռչունները, որոնք լավաշի փշրանքներ էին գտել խարույկի հակառակ կողմում: Նախաճաշեցի ու շուտ ճամփա ընկա, երկրորդ օրը պիտի շատ քայլեի, բայց արդեն բարձրադիր դաշտերի միջով:
Դ
Վերջապես,շատ քայլելուց հետո հասա Վիշապալիճ,կամ ոնց պապիկն էր ասել Վիշապների լիճ: Այնտեղ մի գեղեցիկ Վիշապաքար էր կանգնեցված: Անմիջապես վազեցի մոտը՝ մտածելով, որ պապիկի ասած քարն է, սկսեցի վրան գրվածքներ ման գալ, բայց չէ, չգտա: Ճաշեցի ու սկսեցի քայլել դեպի Սև սար, հովիվները ասացին, որ ձախով գնամ: Պարզվում է` Սև սարը հռչակավոր Աժդահակն է, և պապիկը տեղացիների տված անվանումով էր կոչել նրան: Սարն իրոք Սև էր,արդեն ինքս համոզվեցի, երբ լանջին էի: Մութն ընկնում էր, շուտ բացազատեցի վրանը և խարույկի համար սկսեցի չոր աթար հավաքել: Արևի մայր մտնելուն պես ահավոր ցրտեց, կարծես ձմռանը վերարկուդ հանեին հագիցդ: Շուտ տաքացրեցի հովիվների տված կաթը, որ ստիպեցին վերցնեմ, և խմելուն պես մտա վրանը: Վրանում տաք էր, քնեցի: Առավոտյան շատ վաղ արթնացա, կրկին շատ երկար պիտի քայլեի և ժամանակ չկար հապաղելու: Թեյեցի, հավաքեցի ուսապարկս ու քայլեցի դեպի վեր՝ դեպի Սև Սարի գագաթ: Գագաթում փառահեղ էր, ես նման բան չէի տեսել, չգիտեմ` ինչպես նկարագրեմ առավոտյան այդ հրաշքը: Ամպերը արագ անցնում էին գլխիս վրայով և արտացոլվում գագաթին գտնվող չքնաղ լճակի մեջ, որը թե՛ հայելի էր, թե՛ թագ այդ հսկայի գլխին: Երբ զարթնեցի այդ պատկերից,սկսեցի շուրջս քար ման գալ,որի վրա գրվածք կլինի,բայց չգտա: Անկեղծ ասած, ժամանակ էլ չկար երկար փնտրելու, մի կտոր հաց կերա ու սկսեցի իջնել հակառակ կողմից, ինչպես նա էր ասել կարմիր ավազների վրայով: Սկզբում թեքությունը ահավոր վախեցրեց, բայց իջնելիս ավազները օգնում էին չընկնել: Իջա լեռը ու կրկին լեռնային լճակներ դիմավորեցին ինձ, նրանց միջով պետք է անցնեի և երկար քայլեի դեպի Ակնա լիճ:
Ե
Երեկոյան հասա լճի մոտ, կրկին աննման պատկեր էր. այդքան մեծ լիճ այդքան բարձրության վրա. մի տեսակ հզոր էր: Արդեն մութն էր վրա հասնում, բացազատեցի վրանը, շատ էի հոգնած, առանց խարույկ վառելու մի կտոր հաց կերա ու քնեցի: Առավոտյան լճի մոտ քար էի փնտրում գրվածքներով, արդեն վերջանում էր ճամփաս, իսկ ես քարը չէի գտել: Հուսահատ վերադարձա, ուսապարկս հավաքեցի, ու մի կածան կար, այդ կածանով քայլեցի դեպի հյուսիս, որը պիտի ինձ տաներ Ծաղկաշեն գյուղ: Այո՛, Ծաղկաշենի կածանն էր, այնտեղից մի բարի, հյուրասեր հացառատցի իր ավտոմեքենայով հասցրեց Գավառ, որտեղից արդեն վերադարձա Երևան: Երեկոյան տանն էի: Գիշերը զարմանալիորեն չկարողացա քնել, որքան էլ որ հոգնած էի: Մի միտք էր տանջում,թե ինչպես չկարողացա գտնել այդ քարը, ինչպես բացեմ ծրարը: Գուցե՞ պապիկը կատակում էր քարի վերաբերյալ, բայց չէ, այդ դեպքում նամակի փաստը անբացատրելի է: Մի քանի օր շրջագայության ազդեցության տակ էի, կարծես երազ լիներ, այդ մաքրությունն ու վեհությունը մտել էր մեջս, անընդհատ կանչում էր իր մոտ: Կարծես առյուծ կտրած լինեի, ընկերներս ինձ չէին ճանաչում, մի տեսակ ամեն ինչին խորությամբ էի մոտենում: Ինչ-որ բան էի ուզում անել, ինչ-որ մեծ բան, բայց չէի հասկանում` ինչ, ասես ինչ-որ նպատակ էր պակասում ինձ: Մի քանի օր անց ծրարը ձեռքիս գնացի պապիկիս շիրմի մոտ, երևի ուզում էի վերադարձնել նամակը ու ասել, որ արժանի չեմ դրան, քանի որ չեմ գտել քարը: Շիրմի մոտ երկար նստեցի, բայց ծրարը հանձնել չկարողացա, իմ մեջ կուտակված այդ ուժը կարծես ստիպեց ինձ բացել և կարդալ: Բացեցի…
Զ
Տղա՛ս, իմ անո՛ւշ Հայկ, եթե կարդում ես այս նամակը, ուրեմն անցել ես իմ ասած ճամփով, քանզի վստահ եմ, որ հակառակ դեպքում երբեք չէիր բացի ծրարը: Այդ անկեղծությունն եմ գնահատում քո մեջ, որ արդար ես ոչ թե ուրիշներին արդարությունդ ապացուցելու համար,այլ նաև երբ մենակ ես ինքդ քեզ հետ: Ափսո՛ս, դրա պակասը կա իմ մյուս թոռների մեջ: Եթե կարդում ես, ուրեմն կտրել ես Գեղամա լեռնաշղթան և քայլել ես գրեթե վաթսուն կիլոմետր: Անցել ես անտառով, ձորով, գիշերել ես քարայրում, քայլել ես անծայրածիր կանաչ դաշտերով, անհամար լեռնային լճերի կողքով, խմել ես արդար հովվի տված կաթը կամ մածունը, բարձրացել ես Սև սարը և տեսել, թե ինչպես է երկինքը պատճենում իրեն լուսապսակ թագի վրա, ամբողջ ընթացքում խմել ես մաքրամաքուր ջուրը, որ նորից է ծնվում այնտեղ, չափչփել ես մեծ ու փոքր քարերի վրայով և անցել լեռնաշղթայի հակառակ կողմը: Դու քար ես փնտրել երևի, բայց եղել ես վանքում որ քարից էր, քնել ես մեծ քարի մեջ փորված քարայրում, անցել ես վիշապաքարերի մոտով, որ քո ազգի իսկական անձնագիրն է, բարձրացել ես Սև սարը, որի մի կողմում սև, իսկ հակառակ կողմում կարմիր քարեր են, այնուհետև երկար քայլել ես մեծ քարերի միջով: Եվ ահա դու քայլել ես նրանց միջով,իսկ նրանք եկել են քեզ ընթառաջ:
Տղա՛ս, եթե ես քեզ ասեի, թե ի՞նչն է ինձ ստիպել այդքան ապրել, դու չէիր հավատա, բայց հիմա կարող եմ ասել: Սերը դեպի իմ մաքուր հայրենիքը, այն հայրենիքը, որտեղ բարին է, այո′, նա կա, նա սարերում է, բայց նախ մեր մեջ, ուղղակի պետք է հավատալ դրան: Ես ապրել եմ երկար սպասումով, որ կտեսնեմ իմ ազգը մաքրված, բարի, վեհ գաղափարներով լցված և, վերջապես, իմ հայրենիքի մյուս հատվածը՝ ազատած: Բայց փոխարենը տեսել եմ երկիրը լքող զավակներ, թոռնիկներ, տեսել եմ թալանված ու պղծված պետություն, տեսել եմ կիսատ հայրենասերների և կիսատ արդարապաշտների, տեսել եմ նրանց, ովքեր պատրաստ չեն զոհաբերման, այո՛, զոհաբերում, աշխարում ոչ մի գումարներով չի կարելի երկիր կառուցել, հայրենիքը նվիում է պահանջում: Եվ ահա իմ միակ հույսը, իմ միակ շառավիղը, իմ կյանքի մայրամուտին ինձ հարցրեց՝ ինչպե՞ս եմ այսքան երկար ձգել: Պատասխանում եմ, տղա′ս.«Քեզ էի սպասում, որ կտակեմ Հայրենիքս,որն արդեն սրտիցդ հանել չես կարող»...
_____________________________________________
Հեղինակը՝ Գեղամ Օհանյան
Խմբագրեց՝ Սոսե Անանյանը
Պատմվածքում նշված բոլոր վայրերը իրական են

Комментариев нет:

Отправить комментарий