воскресенье, 28 мая 2017 г.

ՀԱՂԹԱՆԱԿ, ԲԱՅՑ ՇԱՏ ԴԱՐԵՐ ԱՆՑ



  Այսօր բոլորը խոսում են առաջին հանրապետության և Սարդարապատի հաղթանակի մասին, բայց մեծ մասը չի գիտակցում այդ մայիսյան ֆենոմենը:        Նախ պիտի վերջնականապես հասկանանք, որ երրորդ հանրապետությունը իր անկախությունը ժառանգել է առաջինից և սա անհերքելի փաստ է: Եթե մինչ ԽՍՀՄ կազմ մտնելը չկարողանայինք անկախանալ, այժմ պիտի ունենայինք Կարսի, Ջավախքի կամ Նախիջևանի կարգավիճակը, իսկ ազգը առավելագույնը այսօրվա ապստամբ քրդերի ճակատագիրը: 
  Ամբողջ աշխարհի եզակի օրինակներից մեկը, եթե ոչ միակը: Երբ մի ազգ, դարավոր ստրկությունից հետո, որոշում է վերականգնել իր երբեմնի ազատությունն ու կամքը, և նրա մոտ ստացվում է: Ստացվում է հաղթահարել նույն թշնամու արգելքները, առանց որևիցե օգնության, դեռ հակառակը: Ընդամենը երեք տարի առաջ իր որդիներին դաժանաբար մորթված տեսնելուց հետո, առանց դասական պատրաստության ու մեծ ուժերի: Կարողացան հաղթել մարտում, որովհետև մինչև մարտի գնալը, արդեն հաղթել էին իրենց միջի վախը, իսկ այդպես վարվողները հաղթանակել ու հաղթանակում են միշտ, աշխարհի յուրաքանչյուր ծայրում, պատմության ամեն վայրկյանին: Նժդեհը պիտի գրեր՝
  -Մայի՜ս 28-ը:
Այդ օրը հայությունը հագավ իր փառքի ու հզորության ծիրանին և բազմեց ազատ ու անկախ ազգերի կողքին: Եվ Արարատյան արևը երկիրը դիտելիս, ասաց այդ օրը` «ահա՛ մի թագավոր ժողովուրդ ևս, որը ստրուկ էր երեկ»:

  Սարդարապատը մեզ հիշեցրեց, որ կարելի է հաղթել, անկախ կարգավիճակից, անկախ քանակից և արտաքին ուժերից: Եվ չնայած այսօր մեզ պարտադրում են հիշել ու նշել միայն տխրության ու կորստի ժամերը, այնուամենայնիվ Սարդարապատում վերածնված հայը այլևս չի ստրկանա: Ընդամենը մեկ դար է անցել, բայց արդեն հասցրել ենք երկու հաղթանակ կերտել, զուգահեռ ծաղկել ու շենանալ: 
  Երբ վերջնականապես գիտակցենք միասնականության ուժը, արդար պայքարի անհրաժեշտությունը և ճշմարիտ գործելու կարևորությունը, այդժամ մենք կդառնանք անպարտելի: Ընդամենը պետք է հասկանալ, որ այս մեծ նավում, որ կոչվում է հայրենիք, մենք բոլորս ակամա նավաստիներ ենք: Եվ մեզնից է կախված կխորտակվի նավը, թե ոչ, կհասնի իր փարոսին, թե կմնա քամու և ծովի ալիքների քմահաճույքին: Մեր կյանքը շատ ավելի մեծ է քան այն ես-ը, որի մեջ սահմանափակում ենք նրան, սեփական կարիքներից դուրս է իրական կյանքը: Այնտեղ, որտեղ քո կարիքը կա, այնտեղ դու կգտնես քեզ: Սարդարապատում հաղթանակած մեր պապերը գիտակցեցին դա, և մենք այսօր ունենք մեր սեփական նավը,  որը ամեն վայրկյան մեր հոգատարության կարիքը ունի:

  Իհարկե թերի կլիներ այս նյութը, եթե չավելացնեինք Պարույր Սևակի տիեզերական  «Սարդարապատը», որ դարձավ երգ և այլևս մեր սրտերում է:

Երբ չի մնում ելք ու ճար, Խենթերն են գտնում հնար, Այսպես ծագեց, արեգակեց Սարդարապատի մարտը մեծ:

Զանգեր, ղողանջեք, Սրբազան քաջերին կանչեք Այս արդար պատից: Սերունդներ, դուք ձեզ ճանաչեք Սարդարապատից:

Ավարայրից ջանք առանք, Այստեղ մի պահ կանգ առանք, Որ շունչ առած շունչներս տանք Սարդարապատի պատի տակ:

Բայց մենք չընկանք, մենք միշտ կանք, Մենք չհանգանք՝ դեռ կգանք, Երբ տան զանգը, ահազանգը, Որ մեր հոգու պարտքը տանք:



Քաջերի սերունդները քաջեր են...



Комментариев нет:

Отправить комментарий