среда, 30 мая 2018 г.

Հայաստանի ամենաշահաբեր «հանքը» զբոսաշրջությունն է

Այսօր մեր երկիրը տնտեսական ճահճի մեջ է, դա գիտակցում ենք բոլորս: Մենք ունենք արտաքին մեծ պարտք, այո՛, մեր երկրի համար 7 մլդ դոլարը ահռելի մեծ թիվ է: Ի՞նչ ենք անելու մենք, ոտքի կանգնելու համար, գնալու ենք նո՞ր պարտքերի, թե՛ այլընտրանքային խելացի ու արագ լուծումներ ենք գտնելու:
Որպես արագ ու մեծ գումարների ներհոսք, նախորդ վարչակարգը ընտրեց հանքարդյունաբերությունը, ինչը սակայն բերում է երկրի կենսունակության կտրուկ անկման`
-Այն մեծ հարվածներ է հասցնում գյուղատնտեսությանը, գցելով գյուղմթերքի որակները թե՛ հողագործության ոլորտում, թե՛ անասնապահության:
-Անդառնալի ազդեծություն է թողնում բնակչության առողջության վրա, ինչը պրոեկտելով տնտեսական ճյուղի առանցքին, տեսանելի վնասներ ենք կրում ամենատարբեր ոլորտներում:
-Վնասվում է բնական հարստություն համարվող ջուրը, օդը, կենդանական աշխարհը և այլն:
Հանքարդյունաբերությունը անդառնալի հարվածներ է հասցնում նաև զբոսաշրջությանը: Այսօր Հայաստանում զբոսաշրջային կենտրոնները դա զգում են իրենց մաշկի վրա: Իսկ Զբոսաշրջությունը մեր ամենամեծ և ամենաեկամտաբեր «հանքն» է:  
Արդյո՞ք կգիտակցի սա և ի՞նչ քաղաքականություն կիրականացնի մեր նոր կառավարությունը, ինչպե՞ս կարող ենք նրան օգնել:


1. Հասկանալի է, որ նրանք չեն կարող գնալ կտրուկ քայլերի և դուրս գալ ներդնողների դեմ, իդեմս հանքագործների, անմիջապես կասեցնելով աշխատանքները: Ժողովուրդը պետք է գիտակցի, որ այստեղ հենց ինքը անելիք ունի: Պետությունը պետք է հանդես գա հաշտարարի դերում, բայց միայն ի օգուտ մեր հայրենիքի, նրա ապագայի ու նրանում ապրող քաղաքացիների: Եվ ահա, անկախ «թողնենք Նիկոլը աշխատի» կարգախոսի լայն տարածումի, պիտի առաջ քաշենք մի ավելի կարևոր կարգախոս՝ «օգնենք Նիկոլը աշխատի»:


2. Ամեն տարածաշրջան պիտի ինքնակազմակերպվի և առաջ բերի համապատասխան տարածքի զարգացման ուղիներն ու տեսլականը: Պետությունը պիտի աջակցի, ներգրավվի ներդրողներին համապատասխան բիզնեսների մեջ: Մենք ունենք այդ պոտենցիալը թե՛ ծրագրային, թե՛ կարողության դաշտում՝ 3. Հայաստանի ամբողջ տարածքը բաց թանգարան է, ամեն մարզ ունի հարյուրին հասնող մեծ ու փոքր հուշարձաններ՝ ամրոցներ, հնավայրեր, վանքեր ու մատուռներ: Ունի տարբեր բարձրությունների տարաբնույթ լեռնագագաթներ,  լեռնաշղթաներ, գեղեցիկ լեռնային ու անտառային լճակներ, աննման կիրճեր ու ջրային հարստություններ: Մեր պատմամշակութային հարստությունը մրցունակ է ոչ միայն տարածաշրջանում, այլ՝ ամբողջ աշխարհի մակարդակով:Դա են վկայում միջազգային տարբեր կազմակերպություններում գրանցված մեր նյութական և հոգևոր հարստությունները: Չմոռանանք, որ մեր տարածաշրջանը համարվում է նաև մարդկության հնագույն օրրաներից մեկը, ինչն արդեն գրավիչ է:

4. Մենք կարող ենք աղքատ հանքագործ փոքր երկրից վերածվել հարուստ զբոսաշրջային փոքր երկրի: Մեզանից ընդամենը պահանջվում է ճիշտ մարտավարություն ընտրել և մեկնարկել առանց հապաղելու: Զբոսաշրջության փոքրիկ աճը վերջին տարիներին գալիս է փաստելու, որ ինքը արդարացված, անվնաս ու եկամտաբեր ուղղություն է, եթե հիմքերը ճիշտ դրվեն: Մենք թիրախ պետք է ընտրենք, ոչ թե հարբեցող և զվարճություններ փնտրող օտարազգիների, այլ հակառակը, պետք է դառնանք կուլտուրական զբոսաշրջիկների ակտիվ և պասիվ հանգստի մեծ գոտի: Իսկ դրա բոլոր հիմքերը մենք ունենք, դեռ մի բան էլ ավելի:

Այն գյուղացին, որը արդյունավետ չի համարում գյուղատնտեսությամբ զբաղվելը և գերադասում է հանքում աշխատել կամ ծառ հատել, բոլորից լավ է գիտակցում իր հասցրած վնասները, թե՛ բնությանը, թե՛ ապագա սերունդներին: Նրանց պետք է հնարավորություն տալ մտնել նոր ոլորտներ, որոնցից ամենաշահավետը զբոսաշրջությունն է: Մենք ունենք նախադեպը որոշ քաղաքներում և գյուղերում, արդյունքը գրավիչ է: Այս ամենը հաշվի առնելով մենք պետք է շատ կարճ ժամանակում գեղեցիկ անցում կատարենք հանքային երկրից զբոսաշրջայինի: Դրա համար աննախադեպ հնարավորություն է ստեղծել նաև մեր թավշյա հեղափոխությունը: «Գնդակը մեր
դաշտում է»:
Նոր՝ անցումային կառավարությունը պիտի գիտակցի, որ միայն այս և մի քանի այլ ռազմավարական խնդիրներ լուծելու դեպքում կստանա ժողովրդի վերջնական վստահությունը և կշարունակի իր հաջող ընթացքը:


Հ.Գ.
Իմ խորին համոզմամբ կյանքն ու ապրելակերպը պիտի հիմք հանդիսանան, որ մարդը ցանկանա կրթվել, աճել ու զարգանալ, կառուցել ու շենացնել: Եթե մենք նրա կենցաղի մեջ չենք դնում վեր տանող արահետներ, իմաստ ու մշակույթ, նա մնալու է ծառահատ, հանքագործ, աղտոտող ու տեղում դոփող մեկը:

Իրական հեղափոխությունը պիտի սկսվի այստեղից...

вторник, 3 апреля 2018 г.

Բաց Նամակ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին


Հարգարժա՛ն պրն. նախարար, նախ, մինչև նկատելի խնդիրներին անրադառնալը, ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել ՊՆ նախարարությունում գտնվող բոլոր անձնվեր սպաներին, ենթասպաներին և զինվորներին: Երկու տարի առաջ, այս օրերին, նրանք պահեցին բանակի և ողջ ազգի պատիվը: Իսկ մենք պահու՞մ ենք իրենցը:
Ստորև կներկայացնեմ մի քանի նկատելի ու շատ կարևոր խնդիրներ, որոնց լուծման դեպքում բանակում նկատելի փոփոխություններ կլինեն: Իսկ դրանց լուծման համար առանձնապես միայն ցանկություն և կամք է անհրաժեշտ:





1. Զինվորի սնունդը:
Այս նկարում, զինվորի սնունդի ցուցակն է 4 տարի առաջ, ինչ-որ բաներ փոխված կլինեն գուցե, բայց չեմ կարծում, որ տարբերությունը մեծ կլինի: Ուստի տեղադրում եմ այս նկարը և հայտնում, որ անգամ այստեղ տեղ գտած խղճուկ ցուցակը չէր պահպանվում ճշգրիտ և որակով:


Ամեն անգամ այս հարցին անրադառնալիս՝ գալիս ենք նրան, որ բանակի սնունդը համապատասխանում է բանակի բյուջեին, և, իրավ, այդպես է: Բայց բոլորս էլ ապրում կամ ապրել ենք այդ իրականության մեջ և բոլորս էլ կարող ենք փաստել, որ զորամասերի ճաշարանների ահռելի քանակությամբ մնացորդները բարձրաստիճան սպաները օգտագործում են զորամասերին կից ստեղծած իրենց փոքրիկ ֆերմաներում՝ որպես անասնակեր: Եվ ակամա հարց է ծագում, ինչո՞ւ զորամասերը իրենց կից չեն ստեղծում փոքրիկ ֆերմաներ, որտեղ կարտադրվի թարմ սննդամթերք, և զինվորը չի մնա շտաբից եկող սառեցրած և պահածոյացված մի բուռ մթերքի հույսին: Եթե անկեղծ լինենք, այդ ֆերմայում կարող են ծառայել հաստիքով այն տղաները, որոնք պիտանի չեն շարային ծառայությանը և այդ ֆերմայի գոյությունը գրեթե անվճար կլինի և անգամ բանակի բյուջեն կհամալրվի այն գումարներով, որով հիմա ենք կերակրում զինվորին: Զինվորը անգամ բանջարեղենին ու մրգին, որը հողը ուղղակի նվիրում է խնամքի դեպքում, կարոտ է մնում:
Առողջ սնունդը կարևոր նախապայման է առողջ զինվոր ունենալու համար:


2. «Պարապ զինվորը հանցագործ է»
Այս կարգախոսը գործում է բոլոր զորամասերում և ուղղակի զավեշտալի է: Գիտե՞ք՝ մեզ ծառայության ժամանակ շատ հաճախ ամռանը տանում էին բահով խոտ քերելու, և մենք շաբաթներով խոտ էինք քերում: Երբ մի անգամ համարձակվեցի հարցնել հրամանատարին, թե կարող ենք արդյոք քաղաքից դեղ խնդրել, որը կդադարեցնի խոտի աճը, նա ինձ պատասխանեց, թե այդ դեպքում մենք ինչո՞վ պիտի զբաղվենք: Ես հասկանալի պատճառներով չպատասխանեցի նրան, բայց հիմա պատասխանում եմ Ձեզ.
-ընթերցանությամբ և կրթվելով,
-ռազմական աշխարհը ուսումնասիրելով,
-տակտիկա ու ստրատեգիա սովորելով,
-ինչ-որ բաներ ստեղծելով ու արարելով,
-մի քիչ ավելի շատ հանգստանալով ու հոգնած տեսք չունենալով,
-ճիշտ սպորտային կեցվածք ձեռք բերելով:

Բայց ոչ խոտ կամ ձյուն քերելով, պարո՛ն Նախարար, իրոք զավեշտալի է: Ընկերներիցս մեկը պատմում է,որ իրենց զորամասում, աշնանը կանգնեցնում էին ծառերի տակ և հրամայում թույլ չտալ թափվող տերևներին գետին հասնել, հրապարակը պիտի մաքուր մնա: Այսպե՞ս ենք հարգում մեր պաշտպանին:


3. Լեզվա-հոգեբանական խնդիրներ
26 տարիների ընթացքում այս ոլորտը քիչ է ուսումնասիրվել և աննկատ է մնացել: Ցավոք՝ մեր բանակում շատ տերմիններ մինչ օրս սովետական՝ ռուսական բանակի թարգմանություններն են, ինչը սխալ է: Բերեմ ընդամենը մեկ օրինակ, բայց դրանք բազմաթիվ են:
Մեզ մոտ պատերազմը ազդարարում են «Տագնապ» բառով, որը թարգմանություն է ռուսերեն «тревога» բառից:«Տագնապ» բառին հոմանիշ են «իրարանցում»,«խուճապ» բառերը: Մի՞թե պատերազմ սկսելու դեպքում մենք պիտի խուճապի մատնվենք, շատ տարբերակներ կան, որոնք և՛ հայերեն են, և՛ ավելի համապատասխան, օրինակ. «Ի՛ մարտ», «Մարտակոչ» և այլն: Ի դեպ՝ այսօր բանակում, տագնապ ազդարարելիս, հենց տագնապ էլ սկսվում է:
Նույն ազդանշանը տրվում է «Արենա»-ով, կրկին ռուսերենից և կրկին խուճապի մատնող, մինչդեռ ռազմիկին պատերազմի տանող ավելի հնչեղ ու վեհ ազդանշաններ կարող են լինել, օրինակ՝ թմբուկի բամբ ձայները , կամ որևէ ռազմապարի համահունչ մեղեդի, որը կարթնացնի զինվորի մեջ ո՛չ թե խուճապ, այլ ոգեղենություն, հասկանու՞մ եք՝ հայկական ոգի: Ինչո՞ւ չվերագտնենք մեզ, չէ՞ որ այդպես ավելի մարտունակ կլինենք:


4. Զինվորի հագուստը և կացարանը:
Զինվորի հագուստն իր արտաքին տեսքն է, որով նա ներկայանում է իր զինակիցներին և հետևաբար նրա տգեղ կամ ոչ կոկիկ լինելը, զինվորին թերարժեքության զգացում է հաղորդում: Եթե մենք ցանկանում ենք, որ մեր զինվորը լինի վեհ ու հպարտ, ապա պիտի նրան ապահովենք հարմարավետ և գեղեցիկ հագուստով:
Ինչ վերաբերում է կացարանին, վերջինս նույնպես անմիջական առնչություն ունի զինվորի լիարժեքության զգացումի հետ և կապ չունի, թե ով ինչ տնից է գալիս, զինվորի տունը երկու տարի պետք է լինի զինվորին վայել:


5. Աշխատա՞նք, թե՞ կյանք
Այս վերջին հարցը, որին ուզում եմ անրադառնալ, շատ հաճախ է շոշափվում և շատ տարբեր մտավորականների կողմից: Դա մեր սպաների և սպայական դպրոցների մասին է:
Սա այն դարբնոցն է, որտեղ ճիշտ աշխատանք տանելու դեպքում, դուք աննկարագրելի տարբերություն կտեսնեք: Կուրսանտը, բացի ֆիզիկական տվյալներից և միջավայրին հարմարվելուց, այդ չորս տարիների ընթացքում պիտի դառնա ավելի գրագետ, քան ցանկացած բուհում են դառնում: Քանի որ ուրիշ բուհերում ավարտած մարդիկ դառնում են մասնագետներ, որոնք աշխատում են իրենց մասնագիտությամբ, իսկ սպան չի գնում աշխատանքի, նա ապրում է այդ կյանքով և ապրեցնում ուրիշներին: Այդ չորս տարվա ընթացքում, նա պետք է դառնա հրամանատար, որը պետք է զինվորներից մասնագետներ կերտի: Այո՛, այդ երկու տարիների ընթացքում զինվորը պետք է ամբողջությամբ մասնագիտանա, ո՛չ թե նեղ, այլ ամենալայն իմաստով: Ես այսպես եմ հասկանում Ձեր կողմից հաճախ օգտագործվող «Ազգ-Բանակ» արտահայտությունը:


Հարգանքներով, Գեղամ Օհանյան:


Հետգրություն

Պարո՛ն Նախարար, ես այս ամենը գրում եմ Ձեզ, ո՛չ թե հեգնանքով, այլ մեծ ցավով: Ինքս ծառայությունը ավարտել եմ 4 տարի առաջ և անտրտունջ տարել եմ բանակի բոլոր թերությունները՝ հավատացած լինելով, որ այն մեր խաղաղության միակ հովանավորն է և դեռ նոր է վերածնվել: Որպես ապացույց՝ նշեմ, որ Ձեզ գրում էր հրետանային գնդի նախկին սերժանտ, «Հայոց բանակի գերազանցիկ» շքանշանի և բազում պատվոգրերի արժանացած մի շարքային քաղաքացի:
Նշված խնդիրները պիտի լուծվեն հնարավորինս շուտ, մտահոգ հասարակությունը սպասում է Ձեր քայլերին և արձագանքին, այլապես ինքը կսկսի հարց բարձրացնել ու պահանջել: Ի դեպ, նշեմ, որ այս հարցերի լուծումը շատ այլ խնդիրներ էլ կլուծի, որոնք հիմա փորձում եք այլ կերպ լուծել: Սկսած բանակում միջադեպերը պակասեցնելուց, մինչև մարտունակության կտրուկ բարձրացում:



пятница, 1 сентября 2017 г.

Միշտ նայիր դեպի վեր


Փոքրի՛կ, այսօր դու առաջին անգամ ոտք դրեցիր դպրոց, այնտեղ, ուր քեզ պիտի գիտելիք տան, օրինակ ծառայեն, դարձնեն կիրթ: Դու վառվող ու լուսե աչքեր ունես, քո մեջ մարդկություն կա, գիտե՞ս, աշխարհի ամենահզոր գիտելիքը այդ մարդկությունն է, կուզեի, որ այդ մարդկությունը ուղեկցեր քեզ ողջ կյանքում: Դու շատ դժվարությունների կհանդիպես, բայց պետք է կարողանաս պատվով հաղթահարել դրանք: Կհանդիպես նաև շատ անարդարությունների և տգիտության, որոնց համար մեղավոր եմ նաև ես: Հուսով եմ, քո մեջ կգտնես ուժ, ներելու համար, նաև չարությանը բարությամբ պատասխանելու: Դու դեռ փոքր ես, ու շատ բան չես գիտակցում: Դու լցված ես սիրով ու բարությամբ, լավատեսությամբ, ամեն դեպքում չկորցնես այդ լավատեսությունը, դա միակ երաշխիքն է քո հաղթանակի: Աշխարհը, ցավոք ուզում է, որ դու ավելի անկիրթ լինես, քան գրագետ, անկիրթների ամբոխին հեշտ է կառավարելը: Բայց իմ սերունդը ամեն ինչ կանի, որ դու կրթվես, կրթվես ճիշտ ու դառնաս պիտանի մարդ հայրենիքիդ և աշխարհի համար: Միայն խնդրում եմ քեզ, որ չտրվես անպտուղ հաճույքներին և սպառես քեզ: Ուժ գտնես քո մեջ, բարին ու չարը տարբերելու, կառուցումը ու համախմբումը կեղեքումից ու մասնատումից զանազանելու, խոհեմ լինելու, անվերջ զարգանալու ու վեր բարձրանալու, ասպետ լինելու: Մենք քեզ շատ ենք սպասել, այնքա՜ն երակար..., մեր Փոքրիկ Մհեր:

понедельник, 28 августа 2017 г.

Խոսում է Հայրենիքը

Տղերք, ինձ արդեն քսանվեց տարի է ազատել եք կապանքներից, բայց այնպես եք չարչարում, որ չեմ կարողանում զարգանալ, հզորանալ:

Չնայած իմ մյուս կեսը դեռ չեք ազատել ու ես դեռ փոքր եմ, այդուհանդերձ իմ տված բարիքները քիչ ՉԵՆ: Բայց դուք այնպես եք լափում ու կեղեքում ինձ, որ չեմ հերիքում ձեզ, մինչդեռ կարող էի պահել երկու անգամ ավելի շատ մարդու: Դուք անասնաբար հատում եք անտառները, վերացնում կենդանիներին, ձկներին, թռչուններին: Դուք գրոշներով վաճառում եք հանքերը ուրիշներին, խախտում իմ բնության առողջ շրջանառությունը: Դուք ամբողջ մարմինս պատել եք աղբով, ամեն ծառի տակ խոզի պես պղծել եք ու հանգիստ խղճով հեռացել: Տանջահար եք արել դարերով եկած իմ մաքուր մշակույթը, նրա մեջ խառնելով քոչվորների անկիրթ ցածրականը: Օտարներից վերցնում եք միայն կենդանականը ու քանդողը: Դուք պղծում եք անգամ իմ անունը, օտար երկրներում, գողություն անելով, պահելով ձեզ լպիրշ ու չտեսի պես: Եվ ահա այսօր դուք բողոքում եք, որ ձմեռը ցուրտ էր ու չտեսնված երկար, ամառը շոգ էր ու չորային, անտառները վառվեցին: Բողոքում եք, որ տարօրինակ կերպով վթարները շատացել են, կրակում են հերոսներիդ արձաններին, օդը պխտորվել է, ջուրը անմաքուր է և այլն: Կներեք, բայց դուք իրո՞ք այդքան միամիտ եք, որ չե՞ք գիտակցում պատճառները: Ու՞ր պիտի գնար այդ կեղեքման բացասական էներգիան, ու՞ր պիտի չքանար այն ատելությունը, որ տածում եք անգամ միմյանց հանդեպ, ու՞ր... Այո սև ամպի նման կախված է իմ ու ձեր գլխին, և մի օր շատ ավելի վատ է լինելու, հավատացե՛ք: Միակ լույսը այս ամենի մեջ, այս նոր սերնդի հետ եկած ճշմարտությունն է, որ տեսնում եմ շատերի մեջ: Ես տեսնում եմ, մարդկանց, որ բարձրանում են իմ գագաթները ու շնչում ինձ, իրենց ամեն քայլով մաքրում ձեր թափած աղբը ամեն քարի ու թփի տակից, այնպես հոգատար: Ամեն սրբավայրից, որ աղտոտեցիք եսական ու կեղծ աղոթքով: Տեսնում եմ, ոնց են պայքարում ամեն մի ծառի համար, ամեն մի քարի: Ելքեր են փնտրում իմ ապագան ավելի գեղեցիկ դարձնելու համար: Տեսնում եմ, ոնց են դրոշս ծածանում օտար երկրներում, միջազգային մրցույթներին, մի տեսակ հպարտորեն: Տեսնում եմ, ոնց են իրենց կյանքը զոհաբերում, ինձ ու ձեր համար: Տեսնում եմ, ոնց են դպրոց գնացող շատ մանուկներ սկսում սիրել գիտելիքը, սիրով կրթվում: Տեսնում եմ, ոնց են վերակենդանացնում իմ հզոր պարերը, իմ կոմիտասյան մեղեդիները, իմ Սասմա ոգին: Տեսնում եմ անգամ, թե ինչպես են ոմանք դրսից բերում նաև լավ արժեքներ, նորը՝ կառուցող գաղափարներ ու ուսմունքներ: Եվ ահա փաստորեն մի Հայկի ու մի Բելի պայքար է գնում նաև իմ ներսում, աննկատ, բայց ահարկու: Վիրավոր արծվի նման փափագում եմ ՀԱՅԿԵՐԻ հաղթանակը, որ նորից ճախրեմ: Ձեզ եմ հաղորդում իմ մեջ մնացած ամբողջ ուժը՝ լեռներիս խրոխտությունը, ջրերիս մաքրությունը, քամիներիս երգը, դարերիս խորությունը, չծնկած պատիվս ու ինձ համար կյանքը տված հերոսների պատգամը. -Ես ուզում եմ, որ դու լինես թագավոր սերունդ: Քանի դեռ գետափին ես, տկար ես: Անցար, կեսար ես: Անցի՛ր, հա՛յ երիտասարդություն, անցի՛ր Ռուբիկոնը, որի հանդիպակաց ափին քեզ հաղթության դափնին է սպասում:

четверг, 17 августа 2017 г.

Հայի տականքը անմրցելի է


Օրեր առաջ ընկերոջս՝ Արշակի հետ ուղևորվել էինք Սյունիք՝ հաղթահարելու երկար սպասված Խուստուփ լեռը (3201 մ) : Այս լեռը շատերի մոտ երկու խորհուրդ ունի՝ որպես լեռ՝ բարձունք և որպես Նժդեհյան ուխտատեղի: Գագաթից մոտ 150 մետր ներքև մի փոքրիկ քարայր կա, որտեղ, ըստ պատմածների, Նժդեհը օրեր շարունակ ճգնել է Զանգեզուրի մարտերից առաջ: Գագաթի մոտ է գտնվում նաև Նժդեհի կիսանդրին, որտեղից բացվում է տեսարան դեպի Սյունյաց լեռնաշխարհը: Եվ ահա, երկօրյա ուխտագնացությունը մեզ հասցրեց գագաթի շեմին՝ կիսանդրու մոտ, և այն սպասումը, որ մեզ ուղեկցել էր դեռ Երևանից դուրս գալիս, վերացավ. Նժդեհի կիսանդրու վրա մարտական փամփուշտի անցքեր էին բացված:

Վլադիմիր Բադալյանը, որ իր ընկերոջ՝ Համլետի հետ գագաթին էր, պատմեց, որ սա արդեն չորրորդ անգամն է կրկնվում: Առաջինը եղել է 2002 թվականին, երկրորդը՝ 2004 թվականին, երրորդը՝ 2009 թվականին և արդեն ութ տարի է նման դեպք չէր գրանցվել, և,ահա՛, այս անգամ արդեն մարտական փամփուշտներով: Վլադը գրեթե ամեն տարի շինանյութով գնում է այնտեղ և կարգի է բերում Սպարապետի կիսանդրին և շուրջը: Պիտի անպայման նշեմ, որ հիմնականում սեփական միջոցներով: Հիմա ուզում եմ անրադառնալ հուշարձանի վրա կրակ բաց անողներին: Այս օրերի մտատանջումները մի քանի վարկածի են բերել: - Դա կարող էր անել որսորդների մի խումբ, գինովցած, առանց հասկանալու հուշարձանի կարևորությունը, անծանոթ լինելով Նժդեհի կյանքին ու գործին՝ անկիրթ ու բարոյազուրկ կյանք վարող մարդիկ: - Կարող էին անել տեղացի կամ ոչ տեղացի հականժդեհականներ, որոնք իրենց համոզմունքներում հստակ նշում են, որ Նժդեհը դավաճան էր: Այդպիսիք, հավատացե՛ք, պատահում են, ինձ էլ են պատահել: Կա՛մ հավատավոր կոմունիստներ են լինում, կա՛մ նրանց ժառանգները, ում Նժդեհը զոռով հանել էր ինքնապաշտպանության: - Երրորդ տարբերակը քիչ հավանական է, բայց ոչ բացառելի: Գուցե ինչ-որ թշնամական երկրից պատվերի արդյունք է, որը մեծ հաճույքով իրականացնում են նրանք, ովքեր պատրաստ են վաճառել անգամ սեփական մորը: Օտարերկրացիների դեպքը բացառում եմ, քանի որ ոչ մի այլազգի չէր կարողանա զենքով հայտնվել Սյունիքի սրտում՝ սահմանից շատ հեռու և առանց տեղացի ուղեկցորդի: Ամեն դեպքում, եթե իրականացնողի ձեռքը ընկնի այս հոդվածը, թող տեղեկանա, որ շուտով դիմացի ժայռին, այնպիսի տեղ, որ իր ավտոմեքենան հաստատ չի հասնի, արևային մարտկոցով տեսախցիկ է տեղադրվելու: Էլ չենք պատրաստվում սպասել Օպերային թատրոնում շոգեբաղնիք կառուցող մշակույթի նախարարներին կամ Հանրապետական կուսակցությանը, որն իբր նժդեհյան գաղափարների վրա է կառուցել իր գաղափարախոսությունը, բայց վարվում է ճիշտ հակառակ: Մեկ էլ տեղեկացնեմ, որ ամեն տեղեկացող ջերմորեն բարևում էր ձեր ծնողներին և ձեզ, սրբապի՛ղծ տականքներ: Նժդեհը կասեր. -Հայի տականքը անմրցելի է...

пятница, 4 августа 2017 г.

Ձեր անհոգ աչքերը...




Երիտասա՛րդ... Այսօր նայում եմ քո աչքերին և մեր վաղը վտանգված եմ տեսնում: Որքա՜ն ըմբոստություն ու կրակ կա քո աչքերում, ըմբոստություն, որ ինքդ էլ չգիտես թե ում է ուղղված և ինչի համար: Այսօր քեզ շղթայել են ազատություն կոչվող կապանքներով և դու ինքդ ավելի ու ավելի ես մխրճվում այդ շղթաների մեջ՝ չգիտակցելով դրանց կործանիչ, ավերիչ լինելը: Դու կարծում ես, որ այդ գռեհիկ ազատությունն է մարդկության ապագան, մինչդեռ Լյուցիֆերի զորքը երկար, շատ երկար է ջանացել, որ դու այդպես կարծես: Ազատություն, որ վաղուց դուրս է բնական ազատությունից, ազատություն որ իր մեջ չի պարունակում տիեզերական ներդաշնակություն, ազատություն որ բերում է անվերջ մասնատման: Մտածողություններ են մասնատել այդ ազատությամբ, հասել են ընտանիքին, արդեն տասնամյակներ շարունակ այդ ազատությունը ընտանիքներ է կործանում։ Մինչև անգամ այսօր ներխուժել են մեր ներսը և մեզ ներսից են փորձում կիսել, մասնատել: Քեզ զրկել են իդեալներից, իսկ դու չգիտես անգամ, թե ինչի համար են այդ իդեալները: Այսօր դու փորձում ես նմանվել ինչ-որ արհեստական կերպարների, կամ փորձում ես տարբերվել մյուսներից՝ անվերջ փնտրելով միջոցներ, միջոցներ, որոնք քեզ կդարձնեն յուրօրինակ, բայց արդյո՞ք կերջանկացնեն քեզ: Արհեստական խնդիրներով քո աչքերը կապել են վաղուց, որ չտեսնես քո իրական խնդիրները: Դու չունես հստակ կյանքի փիլիսոփայություն, որով պիտի առաջնորդվես քո անհատի կյանքը կառուցելիս: Մի «լավ» միտք են առաջ քաշել, թե ամեն ոք իր սեփական փիլիսոփայությունը ունի: Եվ այս միտքը կրկնում է փողոցում քայլող մարդկանցից ամեն երկրորդը՝ չիմանալով փիլիսոփայության, ասել է թե իմաստասիրության իմաստն ու նպատակը: Եվ ո՞րն է այդ նպատակը, որ կարող է բոլորիս համար ընդհանուր լինել, միթե՞ այս դարում կարելի է գտնել նման մի նպատակ: Փաստորեն կարելի է, քանզի աստվածային՝ տիեզերական, օրենքներն ու նպատակները ո՛չ ծերանում են, ո՛չ իմաստազրկվում: Ժամանակը անզոր է ինչպես նրանց, այնպես էլ նրանցով առաջնորդվող հոգիների հանդեպ: Մեր բոլորիս գերնպատակը պիտի լինի զարգացումն ու ինքնակատարելագործումը: Մի բան, որ իր մեջ ներառում է անհատի ճշմարիտ վերելքը և ձեռք բերածը ընդհանուր բարօրությանը ծառայեցնելու աստվածային կարողությունը: Զարգացում ինքնահաղթահարման ճամփով, և ոչ երբեք ինքնաբավարարվածության: Սեփական թուլությունների ու ակնթարթային հաճույքների հաղթահարումը մեզ անվերջ ուղեկցում է դեպի վեր, իսկ դրանց բավարարումն ու հագեցումը, մեզ ավելի ու ավելի խոցելի և թույլ է դարձնում, ընդհատում է մեր վերելքը: Եվ, ահա՛, այսօր մեզ սովորեցնում են և հնարավորություն են տալիս դյուրին կերպով հագեցնել մեզ, ամեն օր, ամեն վայրկյան: Անգամ մեր մեջ ստեղծում են արհեստական կարիքներ, որոնց ստիպված ենք լինում կրկին ու կրկին բավարարել: Մեզ ասում են, որ կյանքը կարճ է, պետք է հնարավորինս վայելել, բայց կյանքը կարճ լինել չի կարող, քանի որ այն անհատելի է, իզուր չեն կոչել մարդկանց անհատներ, այսինքն չընդհատվող, անվերջ գոյություն ունեցող հոգիներ: Բայց այսօր մեր անհատությունը ուզում են փոխարինել վերջավոր մի անձով: Եվ երբ մարդուն, որ անմահ հոգի է և բազում կյանքեր է ապրում, զարգանում, կատարելագործվում այդ կյանքերի ընթացքում, կտրում են իր հավերժությունից և փորձում տեղավորել մի կյանքի մեջ՝ ամեն բան խախտվում է։ Թումանյանը պիտի գրեր՝
Հազար տարով, հազար դարով առաջ թե ետ, ի՛նչ կա որ. Ես եղել եմ, կա՛մ, կըլինեմ հար ու հավետ, ի՛նչ կա որ, Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՛նչ կա որ:
Դու տեղյակ չես այս ամենից, բայց քո ուսերին այնպիսի ծանրություն կա դրված: Դո՛ւ պիտի կարգավորես քո ներսը, դո՛ւ պիտի կարգավորես քո շուրջն ու շրջապատը, դո՛ւ պիտի պաշտպանես քո տեսակը, քո տունը հերթական հարվածներից, դո՛ւ պիտի արդար վրեժի սուրը վերցնես ու քո հայրենիքը ազատես, վերադարձնես ու շենացնես: Եվ քո զենքը պիտի լինի ճշմարտությունն ու խոհեմությունը, անմնացորդ նվիրումը: Այս ամենի հետ մեկտեղ դու պիտի զորես համաշխարհային խնդիրներ լուծել, քանզի ճգնաժամի մեջ է ողջ մարդկությունը և այս ամենը պիտի անես դու, որ հիմա միամիտ ժպիտով կարդում ես ու խենթություն, հեքիաթ համարում այս ամենը: Եվ քանի այդպես կհամարես, շուրջդ անընդհատ աղետներ ու ավերածություններ կլինեն, որոնց համար պատասխանատու ես նաև դու: Բայց նայում եմ քո անհոգ աչքերին և …














вторник, 25 июля 2017 г.

Ընկեր Գինոսյանը և դուք



Օրեր առաջ լրատվականներում սկսեցին լուրեր պտտվել, որ «Սասնա Ծռեր» անվանումով համախմբման ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը, բանտից Գինոսյան Գագիկին կոչ է արել կողմնորոշվել: Առաջին հայացքից կասկածելի էր թվում այս հրապարակումը, բայց երեկ նույն կառույցի անդամ Գարեգին Չուգասզյանը, որը հետախուզման մեջ է, բայց կասկածելիորեն կարողանում է ամեն ժամ հրապարակմամբ հանդես գալ, հաստատեց և շարունակեց իր գործընկերոջ միտքը: Որոշել էի չանրադառնալ այս հարցին, բայց լսե՛ք… Գագիկ Գինոսյանին ճանաչում եմ արդեն երկար տարիներ, և բախտ եմ ունեցել տեղյակ լինել վերջին տարիների գրեթե բոլոր գործողություններից: Տեսել ու զգացել եմ նրա բոլոր ապրումները, մտահոգությունները, քրտնաջան աշխատանքն ու անձնազոհ ներդրումը: Կարող եմ վստահեցնել՝ ցանկացած գործողություն ուղղված է եղել պետականաշինությանը և ազգափրկությանը: Սկսած ինձանից, այս մարդը ներդրում է ունեցել հազարավոր, կրկնում եմ հազարավոր երիտասարդների ու պատանիների գաղափարական կողմնորոշման մեջ: Այդ հազարավոր մարդիկ այսօր գործում են ամենատարբեր ոլորտներում՝ բանակից մինչև կրթական համակարգ: Եվ ահա այսօր, նրան կողմնորոշվելու կոչ են անում մարդիկ, ովքեր մի քանի անգամ, հստակորեն ժողովրդին ուղղեկցեցին դեպի հուսալքում: Չեմ ցանկանում հարվածել կամ նսեմացնել մարդկանց, ովքեր չտեսան ելքը այն վիճակից, որում հայտնվել ենք և դիմեցին կտրուկ ծայրահեղ քայլերի: Իրենց արարքը համարելով անկարողության ճիչ, ինքս շարունակ ներկա եմ եղել խորենացի փողոցում ծավալվող իրադարձություններին և փորձել եմ իմ կարողության չափով օգտակար լինել ճիշտ հանգուցալուծմանը: Բայց այսօր, փաստորեն, շարունակելով նույն ոճի մեջ հանդես գալ, իրենց սլաքը ուղղել են այն քիչ իրական մտավորականների վրա, որոնք սեր ու հարգանք են վայելում ոչ թե արկածային քայլերի գնալով, այլ իրենց ողջ կյանքի ընթացքում հավատարմորեն և խոնարհաբար ծառայելով ազգի վերելքին:
Համոզված կարող եմ պնդել, որ այս քայլը ավելի վնասեց իրենց, քան իրենց ընտարծ թիրախին: Դուք ձեր մեկուսացման վերջին մեխերն եք գամում ձեր անմիտ արարքներով: Ձեզ թշնամի մի՛ դարձրեք մի մեծ զանգվածի, ով մեղվի նման անձայն աշխատում է, օրեցօր, տարի առ տարի երկիրը այս փոսից հանելու սրբազան գործի վրա: Հավատացնում եմ, որ մեր բանակը փոքր չէ, իսկ հարվածները շատ ավելի ցավոտ են լինում: Բայց մինչդեռ դուք առաջնորդվում եք՝  «Ով մեզ հետ չէ, մեր թշնամին է» կարգախոսով, մենք հավատարիմ ենք Նժդեհի՝  «Ամեն հայ դա դու ես, ճակատագրի եղբայր է ամեն մի հայ» կարգախոսով: Ի դեպ, Նժդեհը Ստալինին ուղղված նամակ ունի, եթե չեք կարդացել, գուցե նրա՞ն էլ համարեք չկողմնորոշված: Ուշքի՛  եկեք, այն անվաննումը որը ընտրել եք՝  «Սասնա Ծռեր», իր մեջ բազում լուծումներ է պարունակում, դուք կամաց նմանում եք Բաղդասարի ճյուղին, որը այդպես էլ անպտուղ մնաց․․․
Բաղդասար ասաց.— Չէ՛, ես դու տի կռվենք,
Ես դու տի կուշտի կպնենք, իրար զարկենք։
Սանասար Ասաց.— Աղբեր, ես չե՛մ զարկի քեզի.
Դու զարկի՛, ինձի սպանի՛։
Ինչքան ասաց, հնարք չէղավ աղբոր հետ։ —
Ինչու որ էնիկ հաստակող էր, էրակ ծուռ էր.
Էնոր կ’ասեին Ծուռ Բաղդասար։

Հատված Սանասարի և Բաղդասարի զրույցից, որի շարունակությունը գիտեք ինքներդ, և գիտեք թե ում սերունդը ծիլ տվեց…